Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, մի քանի տարի է՝ գտնվում է Հայաստանում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ շորթման եւ սպանության գործով 13 տարի ազատազրկման դատապարտված Սողոյանին սրանից որոշ ժամանակ առաջ եւս ձերբակալել էին, սակայն Չեխիայի կողմից չունենալով որեւէ փաստաթուղթ, նրան ազատ են արձակել:

NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ այս անգամ համապատասխան փաստաթղթի առկայությամբ նրան ձերբակալել են: Ավելին՝ հայկական կողմը մտադիր է դիմել չեխական կողմին, որպեսզի վերցնի նրա գործի հետ կապված փաստաթղթերը եւ Զապի դատավարությունը անցկացվի Հայաստանում: Քանի որ այս պարագայում հետախուզվողը ՀՀ քաղաքացի է եւ նա հայտնաբերվել է Հայաստանում,  ուստի  նրան արտահանձնելու խնդիր չկա: Հայաստանում կանցկացվի ոչ միայն Անդրանիկ Սողոյանը դատավարությունը, այլեւ նա պատիժը կկրի մեր երկրում:

Հիշեցնենք, որ .2013 թ փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ «Զապ»/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա  ազատազրկման:  2014թ հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից  հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: