Աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Սերժ Սարգսյանն այցելել է Մյասնիկյան գյուղ, որտեղ մասնակցել է «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողությանը: Նորակառույցն օրհնել է Գարեգին Բ Կաթողիկոսը: Կենտրոնի շենքի հիմնանորոգումն իրականացվել է  «Փակումեան ընտանիք»  բարեգործական հիմնադրամի եւ մի շարք բարերարների աջակցությամբ: Շրջայցի ժամանակ հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարո Արմենն ու բարերար Ջորջ Փակումեանը ՀՀ Նախագահին ներկայացրել են  համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի' առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտներն ընդգրկող եւ տնտեսական զարգացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս ծրագրերը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում ասել է. «Շատ ուրախ եմ, որ այստեղ' այս համայնքում, գործունեություն է ծավալել հայրենասերների մի խումբ, որոնց նպատակը միայն ու միայն բարություն անելն  ու իրենց հայրենակիցների հոգսերը թեթեւացնելն է: Ես պարոն Կարո Արմենին ճանաչում եմ գրեթե վեց տարի, եւ այդ տարիների ընթացքում այս մարդու եռանդը չի նվազել, ընդհակառակը' համախոհներ է ձեռք բերել եւ նոր բարի գործեր է կատարել»:

Նա Կարո Արմենին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիր: Հանրապետության ղեկավարի խոսքով, աշխարհում սփռված բոլոր հայերը պետք է վստահ լինեն, որ Հայաստանում նրանց համար միշտ տեղ կա թե' ապրելու ու գործելու, թե' բարեգործություն անելու համար:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ատենապետ Կարո Արմենն  իր համար մեծ պատիվ է համարել ՀՀ քաղաքացի լինելն  ու նշել, որ առանձնահատուկ հպարտություն է' անձնագիրն ստանալ անձամբ նախագահից: Կարո Արմենի հավաստմամբ, սփյուռքահայերի համար ամենամեծ հպարտությունն առաջին հերթին  իրենց ազգային պատկանելիությունն է:

Ակնառու հայրենանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու եւ այդ բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, մեկ այլ բարերար' Ջորջ Փակումեանը, «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողության ժամանակ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: