Մալայզիայում սոցցանցերի գրառումները կօգտագործվեն որպես «լուրջ ապացույց»` ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվողների գործերը քննելիս: Այս մասին հայտարարել է թագավորության ներքին գործերի նախարար Ահմադ Զահիդ Համիդին:  

Ըստ նրա` ներկայումս երկրում  օրենք է գործում, որը թույլ է տալիս որպես ապացույց օգտագործել սոցցանցերով տարածվող բոլոր տեղեկությունները: Սակայն դա վերաբերում է միայն որպես ավազակություն դասակարգվող հանցագործություններին:

Միաժամանակ, ընդգծել է նախարարը, նման բան արվում է նաեւ հակաահաբեկչական պայքարն ուժեղացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վերջին ժամանակներս Մալայզիայի իշխանությունները ձերբակալել են տասը մարդու, որոնք կասկածվում են ԻՊ-ի համար գրոհայիններ հավաքագրելու մեջ: Նշվում է, որ ԻՊ կողմնակիցներն  ակտիվ օգտագործել են Facebook-ը եւ մի շարք այլ սոցցանցեր: Մալայզիայի իշխանությունները մի ժամանակ ծրագրել էին լիովին փակել Facebook-ի հասանելիությունը երկրի տարածքում, սակայն վերջնարդյունքում որոշել են հրաժարվել այդ քայլից: Մալայզիայում համացանցից օգտվողների թիվը շուրջ  19,2 միլիոն  է: