Հունիսի 29-ին Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը բացվել է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցում են 300-ից ավելի պատվիրակներ: Համագումարը մի հարկի տակ է հավաքել 20 երկրներից ժամանած շուրջ 90 հայաստանյան ու սփյուռքահայ գրողների, որոնք միասին կքննարկեն «Նոր իրականություն եւ նոր գրականություն», «Հայ գրականությունն արդի աշխարհի համատեքստում», «Ժամանակակից հայ գրականության միջազգայնացումը», «Գրական մամուլը Հայաստանում եւ Սփյուռքում» եւ այլ խնդիրներ:
Սփյուռքահայ գրողներին ավելի շատ հուզում էր այն, որ սփյուռքում սկսել են գրել ոչ հայերեն, իսկ ոչ հայերեն գրականությունը, ըստ Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանի, դժվար է հայ գրականություն կոչել: Քննարկումները չէին կարող շրջանցել նաեւ լեզվի խնդիրը, հատկապես օտարալեզու դպրոցների բացելու կառավարության նախաձեռնության համատեքստում: Մասնավորապես գրականագետ Դավիթ Գասպարյանը կարեւորել է հայոց լեզվի համար շարունակվող պատերազմը, որ այսօր վտանգի է ենթարկվում, ինչպես նաեւ դպրոցում եւ բուհերում կրթական մակարդակը:




























