Հայաստանն ու Ադրբեջանը օգուտ կքաղեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացից: Այս մասին հատուկ բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Ես կարծում եմ, բռնության մի քանի գործողությունները, որոնք վերջերս տեղի ունեցան տարածաշրջանում, ցույց տվեցին, որ մենք չենք կարող կայունությունը համարել որպես ինքնին ենթադրելի երեւույթ: ԱՄՆ պետքարտուղարը երկու երկրներում էլ հնարավորություն կունենա ընդգծել այն, ինչ երեք նախագահներն ասել են Տորոնտոյում»,- ասել է Գորդոնը:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները ԼՂ խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ կոչ են անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին արագացնել աշխատանքները հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ:

Նշենք, որ հուլիսի 1-ին մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արևելաեվրոպական եւ հարավկովկասյան շրջայցը, որի շրջանակում նա այցելելու է Ուկրաինա, Լեհաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Քլինթոնը Հայաստանում կլինի հուլիսի 4-5-ին:

Ավելի վաղ, հունիսի 18-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել ԼՂՀ տարածք, սակայն հետ է շպրտվել: Արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 եւ վիրավորվել եւս 4 զինվոր: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողել  մեկ սպանված: