NEWS.am-ին հասած տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկվում է Արարատի մարզպետ ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանին փոխելու հարցը։ Նրան այդ պաշտոնում պետք է փոխարինի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբայր, նախկին պատգամավոր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, ով, ինչպես հայտնի է, 2008 թվականին վայր դրեց իր մանդատը եւ նրա փոխարեն 17 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտվեց Հովիկ Աբրահամյանը։
Վարդգես Հովակիմյանը համարվում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորյալը եւ նրան այդ պաշտոնում պահող միակ հանգամանքը ոստիկանապետի հետ վաղեմի ջերմ հարաբերություններն են։ NEWS.am-ի աղբուրների հաղորդմամբ՝ վերջերս Հենրիկ Աբրահամյանը իր մոտ է հրավիրել Հովակիմյանին՝ բարեկամաբար առաջարկելով հրաժարական ներկայացնել, ինչին, սակայն, Արարատի մարզպետը զարմանքով է արձագանքել եւ կողմերն առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Հիշեցնենք, որ Արտաշատ քաղաքի կենտրոնում, Արարատի մարզպետարանից ոչ հեռու գտնվող զբոսայգում մոտ երկու շաբաթ առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել մարզպետի 22-ամյա որդու՝ Վահե Հովակիմյանի մասնակցությամբ: Միջադեպի քննության ընթացքում, ըստ տեղեկությունների, պարզվել էր, որ մարզպետի որդին դեռ 2009 թ. հունիսի 26-ին զորակոչվել է բանակ եւ այս օրերին գտնվում է ծառայության մեջ: Եւ քանի որ մարզպետը թաքցրել է որդու զինվոր լինելու հանգամանքը՝ որոշում էր կայացվել այս գործի նախաքննությունն իրականացնել ՀՀ զինվորական դատախազությունում:
Նշենք նաեւ, որ մարզպետի փոփոխության մասին խոսակցությունները շրջանառվում են ոչ միայն իշխանական կուլիսներում, այլ նաեւ շարքային քաղաքացիների եւ մարզպետարանի աշխատակիցների շրջանում։ Նրանք բոլորը նշում են, թե «Հովակիմյանը ափսոս է»:


























