Ադրբեջանը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) նախագահների ԼՂ հարցով համատեղ հայտարարությունից: Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը:
«Հայտարարությունը ամբողջությամբ բավարարում է ադրբեջանական կողմին: Այնտեղ բոլոր երեք երկրներն ընդունում են Ադրբեջանի տարածքի օկուպացիայի փաստը, ինչպես նաեւ կա պահանջ ազատել ադրբեջանական հողերը»,- ասել է Հասանովը:
Անդրադառնալով այն փաստին, որ երեք նախագահների համատեղ հայտարարությունը մի շարք ռուսական եւ անգլիական կայքերում խեղաթյուրված թարգմանությամբ է ներկայացվել, Ալի Հասանովը նշել է, որ դա տեխնիկական սխալներ են:
Նույն օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը բարձր է գնահատել եւ շատ կարեւոր համարել Տորոնտոյում երեք նախագահների հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները հուլիսի 26-ին ԼՂ հարցով համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել արագացնել աշխատանքները հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:



























