«Ներսես Երիցյանը երիտասարդ անձնավորություն է, բնականաբար, պետք է ունենա պաթոսային բռնկումներ: Դրական լիցքերով լիցքավորված անձնավորություն է, դուք դա վա՞տ եք համարում»,- այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ էր իրավացի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ազդարարելով ճգնաժամի ավարտը:
Բոստանջյանը նաեւ քննադատեց կառավարությանը` տնտեսական աճի ցուցանիշի միջոցով կառավարության գործունեությունը արժեւորելու փորձերի համար: «Տնտեսական աճի մասին պատկերացում կարելի է կազմել միայն 1 տարվա կտրվածքով: Զարգացած, հարուստ երկրներում, եթե քաղաքացուն ասես տնտեսական աճ, նա սարսափելի կնեղանա: Տնտեսական աճը մի կատեգորիա է, որ հետաքրքրում է միայն մասնագետներին: Իսկ քաղաքացուն հետաքրքրում է միայն այն, թե իր եկամուտներն ավելացե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց Բոստանջյանը՝ ընդունելով, որ բնակչության կենսամակարդակը անկում է ապրում:


























