Իրավիճակը դանդաղել է ավելի երկար ժամանակով, քան մենք կցանկանայինք: Եւ ամեն անգամ, երբ այս կամ այն չափի բռնությունների ալիք է բարձրանում, մեզ դա շատ է հուզում: Այդ մասին հատուկ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ պատասխանելով հարցին՝ սրվե՞լ է արդյոք իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շփման գոտում վերջին միջադեպից հետո:

Դիտարկմանը, թե Հայաստանի նախագահն առաջարկել էր ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրել, իսկ պաշտոնական Բաքուն հրաժարվել էր անել դա, ԱՄՆ փոխպետքարտուղարը խուսափողական պատասխանել է, թե երկու կողմերն էլ հայտարարել են Հելսինկյան սկզբունքներին իրենց հավատարմության մասին, «մենք կրկին կդիմենք նրանց, որ հաստատեն իրենց հավատարմությունը Հելսինկյան բոլոր սկզբունքներին»:

Պատասխանելով հարցին, մտադի՞ր է արդյոք պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւան կատարած այցի ընթացքում դիմել Հայաստանի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից զորքերի դուրսբերման հարցով, ինչպես նշված է Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների հայտարարության մեջ, Ֆիլիպ Գորդոնը նշել է. «Կարծում եմ՝ բոլոր այն սկզբունքները, որ նախագահները նշել են Տորոնտոյի հայտարարության մեջ, կարեւոր են մեզ համար, եւ մենք կցանկանայինք, որ առաջընթաց լիներ այդ ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել էր անցնել ԼՂՀ տարածք: Մերձամարտի արդյունքում զոհվել էին 4 հայ զինծառայողներ, եւս նույնքան էլ վիրավորվել էին: Ադրբեջանցիները նահանջել էին՝ մարտի դաշտում թողնելով ընդամենը մեկ դիակ:

G8 գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին արագացնել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը: