2010 թ. հունիսին Հայաստանի սպառողական շուկայում, մայիսի համեմատ, գները նվազել են 0.8 տոկոսով: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության այսօրվա հրապարակման մեջ: Առավել մեծ չափով` 1.2 տոկոսով նվազել են պարենային ապրանքների գները, ոչ պարենային մասով անկումը կազմել է 0.9 տոկոս:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս հայտարարել էր, որ Հայաստանը մտնում է դեֆլյացիոն փուլ: Սակայն դրանում որևէ արտառոց բան չկա: Հայաստանում գնաճն ունի սեզոնային ուժեղ արտահայտված տատանողականություն: Հունիս-սեպտեմբերին, կապված գյուղատնտեսական մթերքների սեզոնի հետ, ամեն տարի կարճատեւ կտրվածքով արձանագրվում է դեֆլյացիա, կամ գների աճի տեմպի նվազում: Գյուղմթերքների սեզոնն ավարտվելուց հետո գնաճային գործընթացները կրկին գլուխ են բարձրացնում:
Այսպես` հունիսի գնանկումը, ըստ վիճակագրության, մեծապես պայմանավորված է ձվի, բանջարեղենի, մրգի եւ շաքարավազի գնանկման հետ: Հարկ է նշել, որ գնանկումը ավելի մեծ կլիներ, եթե այս տարի պտուղների բերքատվությունը խստորեն չտուժեր եղանակի պատճառով: Սակայն վիճակագրությունը կրկին ներկայացրել է տվյալներ, որոնք վստահություն չեն ներշնչում: Օրինակ, նշվել է, որ այս տարվա հունիսին անցյալ տարվա հունիսի համեմատ մրգի գները նվազել են 8.4 տոկոսով, այնինչ «միրգ» ապրանքախմբում գները 2010 թ. ընթացքում հավանաբար հասել են իրենց պատմական ռեկորդային ամենաբարձր մակարդակին: Դա կարող է հաստատել ՀՀ ցանկացած տնային տնտեուհի:
Ըստ ԱՎԾ-ի` դեկտեմբերի համեմատ հունիսի գնաճը կազմում է 4.5 տոկոս, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ` 5.8 տոկոս: Հետեւաբար` գնաճը դեռեւս բարձր է մնում օրենքով սահմանված 4+-1.5 միջակայքից:




























