Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի վերսկսումը անհավանական է։ Այս մասին հունիս 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը։ Նա նշեց, որ չնայած այսօր Ադրբեջանի բանակը կառավարվում է Թուրքիայի կողմից, ադրբեջանական բանակում աշխատում են թուրք գեներալներ, իսկ ադրբեջանական սպաները կրթվում են Թուրքիայում, այնուամենայնիվ, պատերազմի վերսկսումը քիչ հավանական է։ Ըստ Շիրխանյանի՝ կարող է լինել հակամարտության սրում, սակայն պատերազմ՝ ոչ, քանի որ դա կապված է մի շարք արտաքին գործոնների հետ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Թուրքիան` ՆԱՏՕ-ի, եւ պատերազմի վերսկսումը կարող է վերածվել շատ ավելի լայնամասշտաբ պատերազմի։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարելիք այցին եւ այն հարցին, թե հնարավո՞ր է որ այդ այցը թոթափի տարածաշրջանում առկա լարվածությունը՝ ՍԴՀԿ անդամը նշեց, որ այդ այցը կարեւոր է, սակայն լարվածության առկայության մասին խոսակցություններն արհեստական են։ «Քիլնթոնին պետք է լսել, սակայն նրա ասած ոչ բոլոր բանաձեւերով պետք է առաջնորդվել։ Հստակ պետք է իմանալ մեկ բան՝ բոլոր գերտերությունները տարածաշրջանում փնտրում են իրենց շահը՝ հակամարտության կարգավորման միջոցով։ Կարգավորումը կարող է բխել իրենց շահերից, բայց ոչ մեր շահերից։ Հակամարտության պահպանումը նույնպես բխում է իրենց շահերից: Հակամարտության սրման դեպքում համանախագահող երկրները մի ճար կգտնեն եւ խաղաղարար ուժեր կմտցնեն տարածաշրջան, որոնց առաջին՝ ամերիկյան խմբաքանակը անմիջապես կմեկնի Իրանի սահման։ Դա մեզ պե՞տք է, իհարկե ոչ»,-նկատեց Շիրխանյանը։
Հիշեցնենք, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին Քլինթոնի այցի հետ կապված նշել էր, թե պետքարտուղարը տարածաշրջան այցելելով՝ հուսով է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին կհամոզի վերսկսել ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը եւ կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։


























