«Հայաստանում այսօր առկա չէ հասարակական ճնշման այնպիսի մակարդակ, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների»,- հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը։ Նա նշեց, որ չկա քաղաքական որեւէ ուժ, կամ հասարակական այնպիսի շարժում, որը կարող է ստիպել իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների։ Հարցին, թե ՀԱԿ-ն այդ ուժերից չէ՞՝ ՍԴՀԿ անդամն արձագանքեց. «Որեւէ մեկը ՀԱԿ-ի կողմից նկատո՞ւմ է իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշում։ Իհարկե, ո'չ»։
Նրա խոսքով, ՀԱԿ-ը արտահերթ ընտրությունների անցկացման իր միակ շանսը ձեռքից բաց է թողել, իսկ այդ շանսը տրվել էր այն ժամանակ, երբ իշխանությունները նախաստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները։ «ՀԱԿ-ը պետք է այնպես աներ, որ իշխանությունները հոկտեմբերին չստորագրեին այդ արձանագրությունները»,-նշեց Շիրխանյանը։ Արտահերթ ընտրությունների անցկացման միակ հնարավոր տարբերակը, ըստ նրա, կլինի իշխանությունների կողմից ԼՂ հարցում որեւէ ոչ հայանպաստ փաստաթղթի ստորագրումը։ ՍԴՀԿ անդամը միաժամանակ նշեց, որ ընտրական ինստիտուտը ե՛ւ Հայսատանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Վրաստանում աղավաղված ու ապականված է, ինչի նպատակն այն է, որպեսզի այդ երկրները լինեն արտաքին կառավարման ներքո։


























