Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար է աշխատում մեկը, ով կյանքում ձեռքին հրացան չի բռնել ու փամփուշտ չի տեսել: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ «այսօր Հայաստանի սահմանները չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք լինելու Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը»:
«Ես իմ պաշտոնավարման տարիներին Արթուր Բաղդասարյանին Հայաստանի սահմաններին չեմ տեսել, դրան հաջորդող 10 տարիների ընթացքում ես նրան Հայաստանի սահմաններին չեմ նկատել, եւ եթե մարդը եղել է, տեսել է, գնահատել է սահմաների պաշտպանվածության վիճակը՝ ռազմական, տակտիկական առումներով, դա ուրիշ բան։ Բայց ես կարծում եմ, որ նա հեռու է իրավիճակին այդ աստիճան տիրապետելուց»,-նկատեց Շիրխանյանը։ Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Բաղդասարյանն աշխատում նման պատասխանատու պաշտոնում՝ ՍԴՀԿ անդամն արձագանքեց. «Պետք է Սերժ Սարգսյանին հարցնել, թե նա ինչպե՞ս է այդ պաշտոնում աշխատում, ռազմական արդյունաբերություն է ղեկավարում, երբ կյանքում մի հրացան ձեռքին չի եղել, փամփուշտ չի եղել եւ այլն։ Բայց դա իշխանության խնդիրն է, եւ նա իրեն պետք է արդարացնի»: ՍԴՀԿ անդամը հավելեց նաեւ, որ թեեւ ինքը վերջին 10 տարիների ընթացքում խրամատներում չի եղել, սակայն Հայսատանի սահմանների ամրությունն իր մոտ որեւէ կասկած չի հարուցում։


























