«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության նախաձեռնությամբ հունիսի 30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Հայաստանում Մայքրոսոֆթ ընկերության Ինովացիոն օր 2010»-ը, որի հիմնական նպատակն է ցույց տալ «Մայքրոսոֆթի» հաջորդ տարիների տեխնոլոգիական զարգացումների տեսլականը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց «Մայքրոսոֆթ» ընկերության դերը հայաստանյան ՏՏ հասարակության ձևավորման գործում: Նախարարը հատկապես առանձնացրեց ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերը, այդ թվում՝ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, USAID CAPS ծրագրի հետ համատեղ, «Մայքրոսոֆթի» ինովացիոն կենտրոնի առաջիկա բացումը, ինչպես նաեւ ընկերության կողմից անցկացվող «Երեւակայության գավաթ» մրցույթը:
«Այս մրցույթը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ այն ոգեւորում է երեխաներին եւ մղում է նրանց ստեղծագործելու, հետազոտություններ եւ նորարարական առաջարկներ իրականացնելու, որոնք ուղղված են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Միջոցառման ընթացքում Ներսես Երիցյանը վկայականներ հանձնեց այս տարվա «Երեւակայության գավաթ» մրցույթի հաղթողներին: Առաջին տեղի մրցանակը հանձնվեց Casper թիմին, որը վկայականից բացի հնարավորություն է ձեռք բերել մեկնելու Վարշավա` մասնակցելու «Երեւակայության գավաթ» համաշխարհային մրցույթի եզրափակչին: Թիմը ներկայացրել էր համակարգ, որը երեխայի ձեռքին կպցրած փոքրիկ սարքի եւ ինտերնետի` GPRS-ի միջոցով հետեւում է երեխայի առողջական տվյալների փոփոխմանը` պուլս, ջերմաստիճան, եւ անհրաժեշտության դեպքում տեղեկացնում է ընտանեկան բժիշկներին, ծնողներին:
Casper թիմի անդամ Արթուր Մկրտչյանի խոսքով` նման սարքավորումը արտասահմանում արժե 150 դոլար, իսկ Հայաստանում այն պատրաստելը ավելի էժան կարող է լինել:
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը ներկայացրեց «Մայքրոսոֆթի» կողմից իրականացվող մի շարք այլ ծրագրեր, այդ թվում` «Cloud Computing» ծրագիրը, որը փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն է տալիս առանց մեծ ներդրումների ձեռք բերել «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային կորպորատիվ լուծումները՝ սարքավորումների տեսքով:
Տեղեկացնենք, որ «Մայքրոսոֆթի» «Ինովացիոն օր 2010»-ը անցկացվում է Հայաստանում արդեն չորրորդ անգամ` տարին մեկ անգամ պարբերականությամբ:


























