Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ խմիչքների արտադրությունը զիջում է միայն սննդի արդյունաբերությանը եւ մետաղագործությանը: Ու հենց ալկոհոլային խմիչքների արտադրությունում էլ գրանցվել է այս տարվա 5 ամիսների աճի ամենաբարձր տեմպերից մեկը` 29 տոկոս, որով էլ հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության 11.2 տոկոս աճը: Ստացվում է` որքան շատ ենք ալկոհոլ օգտագործում, այնքան տնտեսական աճը բարձր է: Հավանաբար այդ պատճառով Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզները մղված են երկրորդ պլան` դրանք խանգարում են կառավարության հավակնոտ ծրագրերին եւ կարող են մակրոտնտեսական անկայունության պատճառ դառնալ: Ընդ որում` կառավարությունը կանգնած է երկընտրանքի առջեւ` եթե մեր սպառողները նախապատվություն են տալիս ներմուծված խմիչքներին, դրանից շահում է բյուջեն, քանի որ ներմուծումից հարկ հավաքագրելն ավելի հեշտ է: Եթե նախապատվություն են տալիս տեղական խմիչքներին` առաջին հերթին շահում է տնտեսական աճը: Դատելով վիճակագրությունից` այս տարի ալկոհոլի սիրահարները նախապատվություն են տվել տեղական խմիչքներին` այդպիսով իրենց լուման բերելով տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում: Ցավոք` հայկական էլիտան, չնայած էլիտար ամուսնությունների թվի աճին, այդ ազգանպաստ գործին համարյա չի մասնակցում` նրանց նախընտրած էլիտար խմիչքների մեջ միայն հայկական կոնյակն է որակական եւ գնային հատկանիշներով մրցունակ ներմուծվածների համեմատ:

Գուցե պատահական չէ, որ կոնյակի արտադրությունը Հայաստանում ավելացել է 45.9 տոկոսով: Սա այն պարագայում, որ Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանն ասում էր, թե իրենց արտադրանքի արտահանումը կրճատվել է մոտ 26 տոկոսով: Կամ էլ գուցե դա այն կոնյակը չէ, որին պետք է իսկապես կոնյակ համարել: Հիմա շուկան հեղեղված է էժանագին խմիչքներով, որոնք շականակագույն են, իսկ պիտակի վրա գրված է` «հայկական կոնյակ»: Հատկանշական է, որ կոնյակի արտադրությունն  այս տարի գերազանցել է նույնիսկ օղու արտադրությանը, սովորաբար ճիշտ հակառակն է լինում: Բայց Հայաստանում օղու արտադրությունը այս 5 ամիսների ընթացքում կրճատվել է մոտ 30 տոկոսով: Մեր օղեգործներն այդպես էլ չսովորեցին որակյալ օղի արտադրել, այնպես որ նույնիսկ խրոնիկական ալկոհոլամոլները նախընտրում են սպիրտին ջուր ավելացնել:

Իսկ ալկոհոլային խմիչքների մեջ ամենամեծ ցատկը կատարել է գարեջուրը` արտադրությունն ավելացել է 50 տոկոսով: Սա այն պարագայում, որ գարեջրի «սեզոնը» դեռ նոր է սկսվում: Հավանաբար այստեղ իր դերն ունի այն հզոր գովազդային արշավը, որն ուղեկցում է «Գյումրի» ապրանքանիշին:

Վերջապես աճ է արձանագրվում նաեւ գինու արտադրության գծով` այն կազմել է մոտ 30 տոկոս: Ասել, թե դրան զուգահեռ որակի բարելավում կա, այնքան էլ ճիշտ չի լինի, բայց հետաքրքիր առաջարկներ շուկայում, այնուամենայնիվ, կան: Եթե գինեգործներին վերջապես հաջողվի արտահանման ծավալները ավելացնել, ապա հնարավոր կլինի լուծել խաղողի բերքի իրացման խնդիրը, իսկ այս տարի բարձր բերք է սպասվում:

Սամվել Ավագյան