ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի կեսերին գաղտնի նամակ է գրել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որում անդրադարձել է Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարում ընդհանուր շահերի առկայությանը, փոխանցում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:
USA Today-ի փոխանցմամբ նամակում Օբաման ընդգծել է, որ Իրանի կողմից ԻՊ-ի դեմ պայքարում ցանկացած աջակցություն կնպաստի Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ համաշխարհային գերտերությունների հետ համընդհանուր համաձայնության ձեռքբերմանը:
Աղբյուրը նշում է, որ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Էռնեստը հրաժարվել է մեկնաբանել նամակագրությունը՝ հայտարարելով, որ ինքը մտադիր չէ քննարկել նախագահի եւ համաշխարհային այլ առաջնորդների միջեւ անձնական նամակագրությունը:
ԱՄՆ-ի գլխավորած օդային պայքարը ԻՊ-ի գրոհայինների դեմ սկսվել է 2014 թ. օգոստոսից: Մի շարք երկրների աջակցությամբ ԱՄՆ-ն սեպտեմբերի 23-ին սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ, իսկ օգոստոսին՝ Իրաքում:
ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը գործում է բացառապես Սիրիայի եւ Իրաքի տարածքում: Այն ձեւավորվել է 2006 թ. Իրաքում՝ «Ալ Քաիդայի» գլխավորությամբ ծայրահեղական իսլամիստական 11 խմբավորումների միաձուլման ճանապարհով:




























