ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ հունիսի 30-ին կայացած նիստում քննարկվել են անբարխիղճ մրցակցության կասկածանքով հարուցված վարույթների մասին որոշման նախագծերը:

Մամուլի հրապարկման հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ:

Հրապարակման համաձայն` բաժանորդը սպասարկման կենտրոնից ձեռք է բերել 1000 դրամանոց լիցքավորման քարտ` գիշերային ժամերին ինտերնետ ծառայությունից օգտվելու նպատակով, և հետագայում պարզել, որ իր հաշվեկշռում ունենալով 360 դրամից պակաս գումար չի կարող օգտվել տվյալ ծառայությունից, իսկ հաշիվը սպառելուց հետո գանձվում է ևս 83 դրամ, ու այդ մասին չեն տեղեկացնում ո՛չ սպասարկման կենտրոնում և ո՛չ էլ ընկերության ինտերնետային կայքում:

Բջջային կապի օպերատորի նման գործելաոճը հանձնաժողովը որակեց իբրեւ սպառողին մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության փորձ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱրմենՏելը»  վերացրել է խախտումը եւ պատրաստակամություն հայտնել փոխհատուցել սպառողներին հասցրած վնասը, որոշում կայացվեց ընկերության նկատմամբ կիրառել մեղմ պատժամիջոց` նախազգուշացում:

ՏՄՊՊՀ-ն խնդիրը քննարկել է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Պետական այս կառույցը եւս բջջային կապի օպերատորի գործունեությունում խախտում է արձանագրել: Նկատի ունենալով բջջային կապի շուկայում նման նախադեպերի կրկնության հանգամանքը, հանձնաժողովն այսուհետ եւս ուշադրության կենտրոնում է պահելու բջջային կապի օպերատորների գործունեությունը:

ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել սպառողական շուկայում հայտնված «Molpe» ապրանքանիշն արտադրող «ԳԳԳ  Մանուկյան» ընկերության նկատմամբ: Այս ընկերության արտադրած կանացի հիգիենիկ միջոցների փաթեթավորումը, համապատասխան փորձագիտական եզրակացության հավաստմամբ, շփոթության աստիճան նման է միջազգայնորեն ճանաչված «Molped» ապրանքանիշի փաթեթավորմանը, եւ իբրեւ այդպիսին կարող է ոչ միայն  մոլորության մեջ գցել սպառողին, այլեւ վնաս հասցնել նրա առողջությանը: Անբարեխիղճ մրցակցության գործողության համար ՏՄՊՊՀ-ն որոշեց «ԳԳԳ Մանուկյան» ընկերությանը տուգանել եւ պարտադրել ընկերությանը՝ դադարեցնել «Molpe» ապրանքանիշի շրջանառությունը:

Նիստի ընթացքում որոշում կայացվեց տուգանք կիրառել  նաեւ «Արմեն-Համիկ» ընկերության նկատմամբ:  ՏՄՊՊՀ-ն մամուլի հրապարակումներից տեղեկանալով, որ լատվիական կողմը քննադատության է ենթարկել Հայաստանում փաթեթավորված լատվիական ձկան պահածոների որակը, վարույթ է հարուցել այդ երկրից ձկան ներկրմամբ եւ պահածոյացմամբ զբաղվող «Արմեն-Համիկ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում պահածոյացված ձկան Լատվիայից ներկրված լինելու հանգամանքն ստուգելու համար անհրաժեշտություն է առաջացել համեմատելու ընկերության ներկրած եւ իրացրած ձկան ծավալները: Ի պատասխան ՏՄՊՊՀ հարցման՝ ընկերության ղեկավարությունը հրաժարվել է ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչի համար հանձնաժողովը որոշեց «Արմեն-Համիկ» ընկերության նկատմամբ կիրառել  տուգանք` 500 000 դրամի չափով, իսկ վարույթի ընթացքում հավաքված նյութերն ուղարկել ԳՆ Սննդի անվտանգության տեսչություն, ՊԵԿ եւ Գլխավոր դատախազություն:

Հունիսի 30-ի նիստի ընթացքում ընդունվեցին նաեւ մի շարք ենթաօրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումներ, որոնք վերաբերում են ռեեստրում գրանցված սուբյեկտների դիրքի վերանայմանը եւ համակենտրոնացման  հայտարարագրմանը:

Նիստի ավարտին հանձնաժողովը որոշում կայացրեց մի շարք ապրանքային շուկաներում (ձու, պաղպաղակ, երշիկ) անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումների վերաբերյալ նոր վարույթներ հարուցելու մասին: