Ռուսական մամուլը նոյեմբերի 7-ին ակտիվ քննարկում է հյուսիսկորեական մամուլի այն լուրը, ըստ որի՝ ԿԺԴՀ-ից 17-ամյա տիեզերագնացը բարեհաջող վայրէջք է կատարել Արեւի վրա եւ ողջ մնացել:

«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ հյուսիսկորեացի տիեզերագնացի սխրանքների մասին առաջին հաղորդագրությունները մամուլում հայտնվել են նոյեմբերի 6-ին: Թերթը գրում է, որ արեւմտյան մամուլն այդ իրադարձությանը չի անդրադարձել՝ բացառությամբ մի քանի կայքերի: 

Աղբյուրը գրում է, որ այդ կայքերում հրապարակված տեղեկության  հավաստիությունը կասկած է հարուցում: Թերթը օրինակ է բերում, թե ինչպես այդ ոչ հավաստի աղբյուրներից մեկը նախկինում հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, իբր, քառասնօրյա ճանապարհորդություն է կատարել  անապատով՝ հոգու մաքրագործման նպատակով:

Թերթը դեպի Արեգակ թռիչքի մասին տեղեկությունը հորինվածք է անվանում: Այնուամենայնիվ, որոշ իրազեկ ռեսուրսներ տարածել են դեպի Արեգակ հյուսիսկորեացի տիեզերագնացի կատարած թռիչքի մասին լուրը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրային կենտրոնի տվյալները:   Դա դարձել է բլոգներում բազմաթիվ թեմատիկ սուր հարցերի պատճառ: 

Թերթը հիշեցնում է, որ Արեգակի մակերեւույթի վրա ջերմաստիճանը կազմում է մոտ 6000 աստիճան  Ցելսիուս: