Նոյեմբերի 5-ի գործով դատական առաջին նիստից առաջ դատարանի մոտ 5 ոստիկանների կրակելով վիրավորած Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունն այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համանքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց սկանդալով։ Հայկ Կյուրեղյանը դատավորի ներս մտնելիս ոտքի չկանգնեց։ (ֆոտոռեպորտաժ)

Նրան սատարելու համար դահլիճի առաջին շարքերում նստածներից մի քանիսը նույնպես նստեցին։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նկատողություն արեց նրանց՝ նշելով, որ եթե ոտքի չկանգնեն, դուրս կհրավիրվեն։ Նստածներն այդպես էլ չկանգնեցին, ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը բացատրեց իր չկանգնելու պատճառը։

«Ուրեմն ոտքի չեմ կանգնում հետեւյալ պատճառով, որովհետեւ համարում եմ սա ինքնակոչ կառավարության դատարան, որը ենթարկվում է ինքնակոչ կառավարության պահանջին։ Իրականում այս դատարանը Հայաստանի Հանրապետության դատարանը չի, ռեժիմի դատարանն ա։ Դատարանների 90 տոկոսում տեսել եմ ոչ թե արդարադատության իրականացում, այլ արդարադատության բռնաբարում։ Այս մարմինն արդարություն իրականացնող մարմին չէ, դրա համար չեմ հարգում այս մարմինը»,- ասաց Հայկ Կյուրեղյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրա խոսքերը դահլիճում նստածներն ընդունեցին «բրավո» բացականչություններով եւ ծափահարություններով։

Դատական նիստը հետաձգվեց Կյուրեղյանի փաստաբան Արա Զաքարյանի բացակայության պատճառով, չնայած Կյուրեղյանը պնդում էր, որ դատական նիստը կայանա առանց փաստաբանի։

Հայկ Կյուրեղյանին սատարելու համար նրա հարազատներից բացի դատարան էին գնացել «Նախախորհրդարանի» անդամներ, Շանթ Հարությունյանի կինն ու որդին, Նոյեմբերի 5-ի գործով դատապարտվածների հարազատները, ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Հայկ Կյուրեղյանը կալանավորվել էր: Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am