Հայկ Կյուրեղյանի դատավարությունը քաղաքական դատավարություն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողներին ասաց Նոյեմբերի 5-ի գործով դատական առաջին նիստից առաջ դատարանի մոտ 5 ոստիկանների կրակելով վիրավորած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, որի որդու գործով առաջին դատական նիստը կայացավ այսօր։

«Դատարանը պատվեր է կատարում, ինչ որ վերեւից ասեցին, այն էլ իրականանալու է: Մեղադրանքը, իհարկե, անհամաչափ է, սակայն սա քաղաքական դատավարություն է, եւ հեղափոխության ճանապարհը բռնած անձնավորությունը չպետք է սպասի որեւիցե լավ բան, դա պարզ է եւ հասկանալի»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը՝ նշելով, որ ոչ մի սպասելիք չունի դատարանից:

Նրա կարծիքով՝ դեռ հասարակական կարծիք չի ձեւավորվել Հայկ Կյուրեղյան անձնավորության մասին, սակայն դատավարության ընթացքում բոլորն էլ կհասկանան՝ ինչ հայացքների տեր մարդ է Հայկը:

«Կարծում եմ ՝ այս դատավարության  ընթացքում հասարակությունը տեղյակ կլինի, կհասկանա իր արածի իմաստը: Ինձ թվում է՝ այստեղ գտնվողները հասկացան Հայկի արածը,  հասկացան, որ նա անհաշտ եւ անհանդուրժող անարդարության նկատմամբ»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Արմենակ Կյուրեղյանն ասաց, որ հասկանում է որդու այսօրվա արարքը դատարանում, երբ նա ոտքի չկանգնեց՝ դատավորին տեսնելով. «Այս քայլը ցույց է տալիս Հայկի սկզբունքայնությունը, իր ակցիան ուղղված է եղել դատարանի դեմ, եւ ինքը չէր կարող այսօր ոտքի կանգնել»:

Հայկ Կյուրեղյանի հայրը նշեց, որ Հայկը փաստաբան Արա Զաքարյանից հրաարվում է ոչ թե նրա անձի պատճառով, այլ որովհետեւ չի հավատում, որ որեւէ փաստաբան կարող է օգնել իրեն։

«Ինքը չի հավատում արդարադատությանը եւ մտածում է, որ փաստաբանը ոչինչ չի կարող փոխել»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը՝ նշելով, որ հնարավոր է՝ Արա Զաքարյանը շարունակի պաշտպանել որդուն:

Հայկ Կյուրեղյանի մայրը՝ տիկին Նվարդը, որը դատական ամբողջ նիստին արտասվում էր, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարողանում պատմել Հայկի մասին, որովհետեւ հուզվում է, սակայն սպասում էր նման արարք իր որդուց:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին նրան վնասազերծել եւ տարել էին ոստիկանություն։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: