Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, պնդում է, որ որդին ինքնասպան չի եղել,  նրան սպանել են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարեց Արամայիս Հովակիմյանը:

«Նախաքննությունը եւ դատավարությունը թերի եմ համարում, շատ  թերի բաներ կան՝ ինչ գործիքով են հարվածել, ով է խփել։ Զենքը ոտքին դրած ա եղել, էրեխեն ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ սպանություն է եղել, ես դա կարող եմ ապացուցել»,- ասաց Վանիչկայի հայրը՝ նշելով, որ իր կարծիքով, ինքնասպանության դեպքում զենքը կգտնեին ոչ թե նրա  ոտնաթաթին ընկած, այլ որովայնին։

Արամայիս Հովակիմյանը չի հավատում, որ որդին իր կամքով է գրել մահից առաջ թողած երկտողը, որում Վանիչկան գրել էր, թե  ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել եւ գցել է իր ուսապարկը։

«Յուրաքանչյուր 18 տարեկանի ճակատին զենք պահեն, կգրի՝ ինչ ասում են, ես դա պատրաստ եմ ապացուցել»,-ասաց Արամայիս Հովակիմյանը։

Հոր համար կասկածելի են նաեւ վկաների հակասական ցուցմունքները զինանոցի վերաբերյալ, որտեղ մահացել էր Վանիչկան։

«Մեկ ասում են՝ զինանոցի դուռը փակ է եղել, կողպել է դուռը վրան, Միտոյանը ասում է՝ բաց է եղել դուռը, հետո ասում է՝ ինքն է ջարդել, գումարտակի հրամանատարն էլ ասում է՝ ռազմականն է բացել դուռը, լրիվ հակասությունն է, ես չեմ հասկանում»,-ասաց Արամայիս Հովակիմյանը:

Վանիչկայի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանն իր վերաքննիչ բողոքը ներկայացնելիս ասաց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավոր եւ օրինական չէ, դատարանի հետեւությունները չեն համապատասխանում հետազոտված ապացույցներին՝ միջնորդելով բեկանել վճիռն եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության ժամանակ Վանիչկա Հովակիմյանի մարմնի վրա հայտնաբերվել են  քերծվածքներ, որոնք պատճառվել են նրա կենդանության օրոք՝ բութ, կոշտ առարկայով. «Այդ վնասվածքները մահվան պատճառ չեն, սակայն դատաքննության ընթացքում այդպես էլ չպարզվեց՝ երբ եւ ում կողմից են այդ վնասվածքները պատճառվել»:

Այս ամենը ընդհանրացնելով՝ Մերի Ալավաերդյանը նշեց, որ դատախազի կողմից առաջադրված եւ դատարանի կողմից հաստատված ինքնասպանության վարկածը համոզիչ չէ եւ չի ապացուցվել:

«Բացի այդ Վանիչկա Հովակիմյանի տաբատի վրա առկա է եղել պատռվածք եւ պարզվել է , որ այն մեխանիկական ձգվածության պատճառով է առաջացել: Նշված հանգամանքները թույլ են տալիս ենթադրել, որ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել կենդանության օրոք, ինչը պարզվելու դեպքում կարող էր էական ազդեցություն ունենալ ինքնասպանության կամ սպանության վարկածի հաստատման ժամանակ»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Մերի Ալավերդյանը նշեց, որ հակասություն կա նաեւ զինանոցի հետ կապված ցուցմունքներում:

«Նարեկ Միտոյանի ցուցմունքից երեւում է, որ զինանոցի դուռը կողպված չի եղել, նա նույնիսկ տեսել է՝ ինչպես է Վանիչկան ընկել, գնացել է հրամանատարին զեկուցի, հետ է եկել եւ տեսել է ՝ դուռը կողպված է, բացել են, Վանիչկան մեջքի վրա ընկած է գետնին, բերանից էլ արյուն է հոսել։ Չի ապացուցվել՝ ինչու է կողպվել դուռը, կամ եթե ի սկզբանե դուռը կողպված է եղել, ինչպես են տեսել Վանիչկայի ընկնելը, այս հարցերին մինչեւ հիմա պատասխան չի տրվել։ Այնումենայնիվ, դատարանը ինքնասպանություն է որակել Վանիչկա Հովակիմյանի մահը»,-ասաց փաստաբանը:

Արամայիս Հովակիմյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գոհ չէ առաջին ատյանի դատարանի քննությունից. «Ոչ թե մեղավորներին են դատում, այլ իրենց սաֆարովներին են պաշտպանում»:

Դատական նիստը այսօր հետաձգվեց դատավորների կազմի՝ մեկ այլ նիստ ունենալու պատճառով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Նախաքննությամբ առաջ քաշված ինքնասպանության վարկածը դատաքննության արդյունքում հաստատել էր Արարատի եւ  Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող ժամկետային զինծառայող Շմավոն Կուրեխյանին դատապարտել է  7 տարվա, ժամկետային զինծառայող Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, վաշտի հրամանատար, կոչումով կապիտան Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ Ժամկետային զինծառայող Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Վանիչկայի ծառայակիցները հալածել ու ծաղրուծանակի էին ենթարկել նրան՝ մեղադրելով ծառայակցի հեռախոսը գողանալու մեջ։ Վանիչկան, չկարողանալով ապացուցել իր անմեղությունը, ինքնասպան էր եղել։