«Շանթ» հեռուստաընկերության հայտարարած «Ապագայի համար» հեռուստամարաթոն եւ հետագա դրամահավաք միջոցառումների արդյունքում հանգանակվել է 300.000 դոլար անհրաժեշտ գումար Գյումրիում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով:

Հավաքված գումարը հնարավորություն կտա ծավալել առաջնային աշխատանքներ Գյումրիում եւ ապահովել կենտրոնի մեկ տարվա անխափան գործունեությունը:

Մեծ թվով անհատ նվիրատուներ, գործարարներ ու կազմակերպություններ իրենց աջակցությունը ցուցաբերեցին համընդհանուր դրամահավաքին` նպաստելով Թումոյի ընդլայնմանը Հայաստանի տարբեր քաղաքներում եւ սփյուռքում:

«Կրթությունը հիմք է, որի վրա Գյումրին կարող է զարգանալ եւ վերածվել տարածաշրջանային մրցունակ կենտրոնի: Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք Թումոյի հետ եւ անհամբեր սպասում ենք միացյալ ջանքերով աշխատանքները կազմակերպելու»,-  ասաց «Շանթի» հիմնադիր Արթուր Եզեկյանը:

Նվիրատվություններն արվում էին աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների կողմից:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), իր ներդրումը կատարելով Հայաստանի կրթության եւ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում, նվիրաբերեց  75.000ԱՄՆ դոլար: Հայաստանի կառավարությունը նույնպես իր մասնակցությունն ունեցավ` առաջին մեկ տարվա գործունեության համար Թումոյին Գյումրիի տեխնոպարկում հատկացնելով ժամանակավոր տարածք:  Հետագայում կհատկացնի նաեւ առանձին մշտական շենք Թումո կենտրոնի համար:

Գյումրիում կենտրոնի բացումը եւս մեկ քայլ է Թումոյի տեսլականի իրագործման համար՝ նպատակ դնելով ընդլայնվել աշխարհով մեկ: 2011թ. օգոստոսին Թումոն բացեց իր հիմնադիր կենտրոնը Երեւանում՝ մինչ օրս ուսումնառություն ապահովելով ավելի քան 10.000 հայ պատանիների համար՝ նրանց տրամադրելով կրթական ռեսուրսներ, թվային մեդիա ոլորտն ուսումնասիրելու, փորձառու մասնագետներից սովորելու հնարավորություն: Լինելով առաջինն իր տեսակի մեջ՝ Թումոն նպաստում է, որ հայ պատանիները բացահայտեն իրենց ներուժը՝ տեխնոլոգիաների եւ արվեստի միջոցով: 2013 թ. բացվեց  Թումո կենտրոն Դիլիջանում Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ: Շուտով Լեռնային Ղարաբաղում՝

Ստեփանակերտում, եւս կբացվի Թումո կենտրոն՝ ՀԲԸՄ-ի եւ ԼՂՀ-ի կառավարության աջակցությամբ:

Ակնկալվում է, որ Թումոն Գյումրիում կբացվի 2015 թ. գարնանը: Այն  հնարավորություն կունենա կրթելու ավելի քան 1000 պատանիների Գյումրիից եւ Շիրակի մարզի հարակից շրջաններից:

Թումոյի ընդլայնմանն ուղղված դրամահավաքը շարունակական է: