Հայաստանում օրախնդիր է քաղաքական նոր օրակարգի, քաղաքական նոր ընդդիմության ձեւավորումը, որի արդյունքում այն կվերածվի քաղաքական նոր իշխանության: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության համագումարին իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով մենք հետաքրքրված ենք խոսակցությամբ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց համար այս օրակարգը թվում է հետաքրքիր եւ ընդունելի: Պայքարելով որոշակի  քաղաքական համակարգի  դեմ մենք պետք է գիտակցենք  մի պարզ իրողություն, որ այն քաղաքական համակարգը, որ ՀՀ-ը հասցրել է այս վիճակի, ունի մեկ առանձնահատկություն՝ մենք այն անվանում ենք սուպերլիդերություն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր քաղաքական համակարգում գործում են «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ կայացնում են որոշումներ, իսկ մյուսները այդ որոշումներին ենթարկվում են:

 «Իսկ քաղաքացիական այսպիսի միտումներ ունեցող ուժերում նման պրոցեսներ չկան, այնտեղ հավաքված են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ եւ նրանց հնարավոր չէ կառավարել, ինչպես ընդունված է ընդհանրապես ՀՀ-ում, սա ցույց է տալիս որ այդ պոտենցիալը այս կուսակցությունը ունի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ եթե քաղաքական եւ քաղաքացիական դաշտում, բոլոր սուբյեկտները մնան այն դիրքորոշման, որ իրենք հռչակել եւ հրապարակել են, ապա նոր քաղաքական օրակարգի ձեւավորումը չափազանց դժվար կլինի, եթե ոչ անհնար:

«Մենք կարծում ենք, որ այս դաշտում խոսակցությունները անիմաստ են ի սկզբանե, եթե մենք ի սկզբանե հակված չենք կոմպրոմիսների, ընդ որում  կոմպրոմիս, որը չի նշանակում կապիտուլյացիա , այլ նշանակում է քննարկում»,-հավելեց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ Փաշինյանի, այն քաղաքական ուժն է, որը փորձում է քննարկումների արդյունքում հանգել եզրակացությունների եւ այն ներկայացնել հանրությանը:

«Կառուցողական չեն այն կուսակցությունները, որոնցով ձեւակերպվում են արդեն միակ հաստատված, անբեկանելի ճշմարտություններ: Մենք այսօր ուզում ենք հանդես գալ որպես մի քաղաքական ուժ, որը ոչ թե գործընկերներին կամ հանրությանը փորձում է ներկայացնել անբեկանելի, վերջնական ճշմարտություններ, այլ շահագրգռված ենք՝ մեր քաղաքական գործընկերների հետ շփվենք, գտնենք եւ ձեւակերպենք  այդ ճշմարտություններ, սկզբունքներ, որոնք որ փոխադարձ ընդունելի կլինեն բոլորի համար»,-ասաց նա:

Փաշինյանը  հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Հայազն» կուսակցությունը կկարողանան համագործակցել այսպիսի սկզբունքներով, այս շրջանակներում: