Արտաշատ բնակիչ, 30-ամյա Համազասպ Մարգարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ:

Օրերս ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ փողոցում երկու քաղաքացիների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել է կրակոց գազային ատրճանակից:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Արտաշատ քաղաքի Զորավար Անդրանիկի եւ Մյասնաիկյան փողոցների խաչմերուկում վիճել են Արտակ Մաթեւոսյանն ու Համազասպ Մարգարյանը: Բերման ենթարկվելուց հետո երիտասարդները պատմել են, թե ինչից է առաջացել վեճը:

Համազասպ Մարգարյանը կնոջ հետ վիճելիս հայհոյել էր, որը սակայն դուր չէր եկել հարեւանությամբ ապրող 36-ամյա Արտակ Մաթեւոսյանին:

«Կողքից ասացի, որ մերոնք նստած են, չի կարելի»,- ասել էր Արտակը, ինչն էլ վեճի առարկա էր դարձել: Համազասպն Արտակին էլ էր հայհոյել, հավաքվածները կարողացել էին հանգստացնել տղամարդկանց:

Օրեր անց Արտակն ու Համազասպը նորից փողոցում պատահական հանդիպել էին:

«Իջա, որ հետը խոսեմ, տեսա՝ մոտը դանակ կա ու գազային ատրճանակ: Մի քիչ քաշքշեցինք իրար, Համազասպն էլ կրակեց եւ վերջ»,- դեպքի մանրամասներն է պատմել Արտակ Մաթեւոսյանը:

Թե ինչու է Համազասպը կրակել, վերջինս պատասխանել է, որ պաշտպանվելու համար է այդ քայլին դիմել:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: