Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, գործող իշխանություններին հեռացնելու իր ծրագրի մասին ժողովրդին իրազեկելու նպատակով այսօր՝ նոյեմբերի 9-ին, դեպի Կոտայքի մարզ ուղեւորվեց «Նախախորհրդարանի» նախաձեռնած համահայաստանյան հերթական ավտոերթը։

«Այս 20 տարիների ընթացքում մեր ժողովրդի մոտ կարծրատիպ է ձեւավորվել, որ այս հանցավոր ռեժիմից այլեւս հնարավոր չէ ձերբազատվել։ Դրա գլխավոր պատճառը այն չի եղել, որ այս ռեժիմը իր բնույթով շատ հզորն է, խնդիրը եղել է այն մարդկանց մեջ, ովքեր ուզել են այս ռեժիմից ազատվել։ Նրանք իրենց առաջ դրված խնդրին մինչեւ վերջ հետեւողական չեն եղել»,- ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Իրազեկման ավտոերթի նախաձեռնողներից Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզի բնակիչները  տարբեր կերպ են արձագանքում իրենց ծրագրին։

«Արձագանքներն ընդհանուր առմամբ դրական են, բայց որոշակի տարբերություններ կան տարբեր ենթաշրջաններում։ Որոշ տարածքներում, մասնավորապես՝ Էջմիածնում եւ Արտաշատում, որտեղ բնակչության մոտ որոշակի մտավախություն կամ վախ կա տարածքում համապատասխան պաշտոնատար անձանց կամ օլիգարխների նկատմամբ, արտաքուստ արձագանքը այնքան էլ բուռն չի դրսեւորվում։ Սակայն մեծ խմբերից հետո ավելի փոքր խմբեր են գնում եւ արդեն ավելի հանգիստ պայմաններում, երկար ժամանակով շփվում են մարդկանց հետ։ Ըստ այդմ՝ մենք դրական արձագանքներ ունենք, հետադարձ կապը պահպանում ենք, որտեղ ճնշվածություն չկա, բուռն են արձագանքում»,- ասաց «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ սա մեծ մասշտաբի երկրորդ ավտոերթն է, որի նպատակը տարբեր շրջանի բնակիչներին իրազեկելն է իշխանափոխության իրենց ծրագրի մասին։

«2015թ.-ի ապրիլի 24-ին մենք որոշել ենք մեր ժողովրդին հրավիրել տնից դուրս եւ չվերադառնալ տուն միչեւ չձերբազատվենք այս ռեժիմից։ Ապրիլի 24-ին ենք որոշել մեր ծրագիրը իրականացնել, քանի որ շատերն ասում են՝ այդ օրը սուրբ օր է, կողմ ենք, եւ եթե սուրբ օր է, պետք է սրբագործենք։ Ապրիլի 24-ը պետք է վերջապես իմաստավորել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Հիշեցնենք, որ իրազեկման ավտոերթը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին եւ այցելել է Արարատյան դաշտի եւ Աշտարակի գրեթե բոլոր շրջանները։ Այսօր ավտոերթը ուղեւորվեց դեպիԿոտայքի մարզ։