Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 6-րդ համագումարի ժամանակ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը ընտրվեց միության նախագահ։

Սամվել Ալեքսանյանի թեկնածությունն առաջադրեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը՝ գովերգելով նրա կատարած բարեգործական աշխատանքները:

«Պարոն Ալեքսանյանը արդեն 3 տարի ղեկավարում է մեր կառույցը: Մի մարդ, որը երբեք ի ցույց չի դնում իր բարեգործական աշխատանքները՝ ի տարբերություն շատ շատերի: Եւ երբեք չի ուզում, որ այդ մասին խոսեն կամ այդ մասին գրվի: Ճիշտ հակառակը, նա գերադասում է միշտ լինել ստվերում, կատարել բազում բարեգործական աշխատանքներ ոչ միայն մեր կառույցի շրջանակներում: Հավատացնում եմ՝ ձեզանից շատ շատերը շատ քիչ են տեղյակ նրա կատարած բարեգործական աշխատանքների մասին: Նորից եմ կրկնում, ի տարբերություն շատ շատերի, որոնք սկզբից են ճչում են այդ մասին, հետո բարեգործություն անում»,- ամբիոնից հայտարարեց ՀՀ Քնչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ հավելեց.«Եթե մեծահարուստ մարդը բարեգործ չէ, նա չարիք է հասարակության համար»:

Սամվել Ալեքսանյանը նախագահ ընտրվեց միաձայն: Պատագամավորը շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար եւ խոստացավ «աբարանցիների պատիվը միշտ բարձր պահել»:

 «Նիգ-Ապարան» ՀՄ 6-րդ համագումարին մասնակցում էին մի քանի հարյուր հյուրեր, մտավորականներ, գիտնականներ, գրողներ, ԱԺ պատգամավորներ, հայրենակցական միության արտասահմանյան երկրներում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչներ:

Համագումարի ընթացքում ամփոփվեց նախորդ տարիներին կատարած աշխատանքները, շատերը պարգեւատրվեցին ոսկե մեդալով: