Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 6-րդ համագումարի ժամանակ անդամակցության քարտ ստացավ Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը:

Լրագրողների հետ զրույցում Գոռ Վարդանյանն ասաց, որ դարձել է միության անդամ, քանի որ իրեն դուր է գալիս «Նիգ -Ապարան» հայրենակցական միության կատարած աշխատանքները  եւ խնդրեց իր անդամակցումը չքաղաքականացնել:

«Նիգ- Ապարանը հասարակական կազմակերպություն է, որը կատարում է հասարակական գործունեություն, ես շատ եմ հավանում:  Այսուհետեւ ես էլ եմ լինելու իրենց շարքերում եւ մասնակից եմ լինելու այն աշխատանքին, որը կատարվում է մեր ազգի համար: Դեռ չեմ կարող ասել, թե ինչ կանեմ, պետք է նայեմ ընդհանուր ծրագրերը, որտեղ իմ կարիքը կլինի կմասնակցեմ: Ինձ մի կապեք քաղաքականության հետ, ես ուղղակի հասարակական գործունեություն եմ ծավալում »,- նշեց Գոռ Վարդանյանը:

NEWS.am-ի հարցին, թե հնարավո՞ր է ապագայում զբաղվի քաղաքականությամբ, դերասանը պատասխանեց.«Էս պահին ոչ»:

Գոռ Վարդանյանը կոչ արեց չդժգոհել երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, այլ աշխատել, որպեսզի այն բարելավվի:

Հարցին, թե «Ու՞մ հետ աշխատել», Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Նորից պտտվում-պպտվում եք քաղաքական հարցեր եք տալիս:Ես ավելի կողմնակից եմ, որ մենք՝ ամեն մեկս աշխատենք մեր վրա, լինենք լավատես»: