Ուզբեկստանի տարածքում ժամանակավորապես գտնվող Ղըրղզստանի գրեթե բոլոր քաղաքացիները վերադարձել են Ղըրղզստան: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Փաստը հաստատել է նաեւ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Անտոնիո Գուտիերեսը, ով չորեքշաբթի եղել է Ուզբեկստանի Անդիժանի շրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱԳՆ-ի տվյալներով, Ուզբեկստանի կառավարությունն առաջարկել է Ղըրղզստանին փոխանցել մարդասիրական օգնության մնացած մասը, որ նախատեսված էր տուժածներին օգնելու համար՝ 2,445 մլն դոլար արժեքով:
Հունիսի կեսերին Ղըրղզստանի հարավում ազգամիջյան բախումներ էին եղել ղըրղզների եւ ուզբեկների միջեւ: Ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել էր 2 հազարի, իսկ կես միլիոնից ավելի մարդ լքեցին իրենց տները: Միջազգային կազմակերպությունների տվյալներով, Ուզբեկստանի տարածքում ապաստան էր գտել մոտ 100 հազար մարդ:



























