Իտալական ոսկերչական Caviar բրենդը ցուցադրել է Պուտինի դիմանկարով iPhone 6 ոսկե սմարթֆոն եւ iPhone 6 Plus տիտանե սարք: Հայտնում է «DNI» ինտերնետային թերթը:

Պարբերականի փոխանցմամբ՝ Պուտինի դիմանկարով առաջին ոսկե սմարթֆոնը թողարկվել է 2014թ. հունիսին: «Պուտինֆոների» նոր շարքը նվիրված է Ռուսաստանի առաջնորդի՝ Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահեղինակավոր  մարդու ճանաչմանը:

Երկրորդ սերնդի պուտինֆոնը զարդարված է ոչ միայն նախագահի դիմանկարով, այլեւ նրա խորաքանդակով: Ռուսաստանի զինանշանը նույնպես մշակվել է Վերածննդի քանդակագործական ավանդույթներով:

Պետության առաջնորդի անզիջում բնավորությունը մարմնավորող չճկվող տիտանը ուժեղացնում է սարքի ամրությունը:

Ոսկե սմարթֆոնի արժեքը կազմում է 169 հազար ռուբլի, տիտանե մոդիֆիկացիան՝ 137 հազար ռուբլի, իսկ iPhone 6 Plus-ը՝ 147 հազար ռուբլի:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահը բացասական վերաբերմունք ունի իր անունն ու պատկերը առեւտրային նպատակներով օգտագործելու փորձերի նկատմամբ: