Հայաստանի համայնքային ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում եւ մանկապարտեզներում Աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտմամբ, տնօրենների հետ կնքվում են ժամկետային' մեկ տարով աշխատանքային պայմանագրեր:
Վերոնշյալ խնդրի առնչությամբ այսօր` հուլիսի 1-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ աշխատանքային տեսչության պետին, որով խնդրել է խախտումները հայտնաբերելու նպատակով իրականացնել ստուգումներ' մասնավորապես Երեւանում, որտեղ գտնվող մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով կնքվող պայմանագրերի մասին ունի ստույգ տեղեկություն:
Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել նաեւ ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին ՀՀ 2009, 2010 թվականների պետական բյուջեով հատուկ կրթություն իրականացնելու նպատակով մարզերին հատկացված գումարների վերաբերյալ: Մասնավորապես, պատգամավորը տեղեկություններ է ցանկանում ստանալ այն մասին, թե մարզի ենթակայության տակ քանի՞ հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է գործել 2009 թվականին եւ 2010 թվականին, (նշել ուղղվածությունն ու աշակերտների թիվը տվյալ դպրոցում 2009, 2010 թվականներին), 2009թ. պետական բյուջեով հատուկ կրթության համար փաստացի որքա՞ն գումար է ստացել Ձեր մարզը եւ ինչպե՞ս է այն բաշխվել ըստ ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ 2010 թվականի բյուջեով վերոնշյալ նպատակի համար որքա՞ն գումար է հատկացվել մարզին (ըստ դպրոցների): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից:


























