ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2011 թվականի բյուջեն, որի համաձայն` Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափը 44 մլն դոլար է լինելու: Սա 4 մլն-ով ավելի է, քան կառավարությունն էր նախատեսել, սակայն միաժամանակ 4 մլն-ով ավելի քիչ է, քան 2010-ի բյուջեով է նախատեսված: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Բացի այդ, 2011-ին ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին կհատկացնի 10 մլն դոլար, որը 2 մլն-ով ավելին է 2010-ին նախատեսված օգնությունից:
Հանձնաժողովը որոշել է պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը՝ նրանց հատկացնելով 3,5-ական մլն դոլար՝ որպես ռազմական ֆինանսավորում եւ 450 հազարական դոլար՝ ռազմական կրթության նպատակով։
Այս առնչությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի կողմից ափսոսանք է հայտնել, որ Հայաստանին տրամադրվող օգնության չափը պակասել է 4 մլն. դոլարով, մյուս կողմից՝ ուրախություն է հայտնել, որ ԼՂ-ին հատկացվող օգնությունն է ավելացել 2 մլն. դոլարով:


























