Իրանը գաղտնի բանակցություններ է վարել ամերիկացի պետպաշտոնյաների հետ, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գաղտնի բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թեհրանում ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչության բացումը: Դա հնարավոր կդառնա Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման եւ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման դեպքում:
Բանակցությունների հաջողակ ելքը կնշանակի, որ կողմերը 1979թ.-ից ի վեր առաջին անգամ կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները:
Գաղտնի բանակցությունների հերթական փուլը մոտ օրերս տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաքում: Իրանական պատվիրակությունը կղեկավարի Իրանի Համաշխարհային առեւտրային կենտրոնի ղեկավար Մուհամադ Ռեզա Սաբզալիմպուրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի կեսերին գաղտնի նամակ է ուղարկել Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին, որտեղ պատմել է Իրաքում եւ Սիրիայում գործող Իսլամական պետության զինյալների դեմ պայքարում ընդհանուր շահերի առկայության մասին:





























