Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի 7 զոհերի թվում է նաեւ Գյումրի-Երեւան երթուղին իրականացնող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ԱԻՆ աշխատակիցները դուրս են բերում, նրա մարմինը, որը գրեթե ամբողջովին այրված է։

Դեպքի վայրում աշխատող մեր թղթակցի հաղորդմամբ՝ մահացածների մարմինները գրեթե ամբողջովին մոխրացած են եւ անճանաչելի։ Նրանցից ոչ մեկի ինքնությունը առայժմ չի հաջողվել պարզել։

Դեպքի վայրում են Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության մի քանի քննիչներ և փորձագետներ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։