Հունիսի 28-ին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում մահվան դեպք է գրանցվել: Մահացել է կոմբինատի աշխատակից 30-ամյա Ղազար Առաքելյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկատվությունը կոմբինատում հաստատեցին, սակայն որեւէ այլ մանրամասնություններ հրաժարվեցին հաղորդել: Նրանք նշեցին, որ աշխատակցի մահվան պատճառների վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեն տա, քանի դեռ հետաքննող մարմինը եւ պաթոլոգաանատոմը չեն տվել իրենց եզրակացությունները։
Մեր ունեցած տեղեկություններով, աշխատակիցը հոսահանքարվել է։ Այս դեպքի առնչությամբ, մամուլում շրջանառվում է նաեւ տեղեկություն, ըստ որի՝ կոմբինատի ղեկավարության կողմից տարածվում է այն վարկածը, թե 30-ամյա Ղ. Առաքելյանը կաթվածահար է եղել: Այդ վարկածը հաստատվելու դեպքում կոմբինատի ղեկավարությունը կարող է խուսափել պատասխանատվությունից, սակայն քիչ հավանական է, որ 30-ամյա երիտասարդը կաթվածահար եղած լինի:
Ըստ մեր տեղեկությունների, վերջին 5 տարվա մեջ սա միակ դեպքն է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ կոմբինատի ղեկավարությունն անձամբ համագործակցում է հետաքննող մարմինների հետ՝ մահվան պատճառները օբյեկտիվորեն բացահայտելու համար: Կոմբինատը, նաեւ հոգալու է աշխատակցի հուղարկավորության ծախսերը։


























