Արդեն մի քանի շաբաթ է` դրամի արժեւորման գործընթացը չի դադարում: Միայն երեկ ֆոնդային բորսայում հարաբերական կայունություն հաստատվեց` դոլարը գնվել եւ վաճառվել է 368 դրամով: Գործարքների նման համաչափությունը վկայում է այն մասին, որ փոխարժեքին կրկին միջամտել է Կենտրոնական բանկը: Սակայն գործարարների ու քաղաքացիների մտահոգությունները դա փարատել չի կարող: Մարդկանց իրավացիորեն հուզում է այն հանգամանքը, թե որքան կշարունակվի դրամի արժեւորումը, արդյո՞ք այն վտանգավոր սցենարներ չի դրսեւորի:
Դեռ 2-3 ամիս առաջ նույնիսկ ամենալավատեսները չէին կարող ենթադրել, որ փոխարժեքը կրկին վայր կընկնի 370 նիշից, իսկ հոռետեսները, զորօրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նույնիսկ խոսում էին 450-ի կամ 460-ի մասին: Սակայն դրամը ցույց տվեց, որ նմանօրինակ «հուղարկավորությունների» ժամանակը դեռ չի հասունացել:
Սխալ կլիներ մտածել անշուշտ, որ դրամի արժեւորումը դրական երեւույթ է, ընդհակառակը` տեւական ժամանակահատվածում դրա շարունակականությունը տնտեսության համար հղի է նույն վտանգներով, ինչ որ եւ արժեզրկման դեպքում: Հարցը, թե որքան արժեւորումը կշարունակվի, որոշակի եւ հստակ պատասխաններ չունի: Ցանկության դեպքում ԿԲ-ն կարող է մեծացնել իր միջամտության աստիճանը եւ դոլարը հասցնել, ասենք, 400-ի նիշին: Բայց վերջին 1 ամսում ԿԲ-ի ուղղակի միջամտության աստիճանը բավական փոքր է. ոչ շաբաթական 5-10 մլն դոլար ներարկումները, ոչ էլ կանխիկ դրամի 5-10 տոկոս աճը էական համարել չի կարելի: Սակայն հարկ է ընդգծել, որ ԿԲ-ի նորմատիվային պահանջների խստացումները, որ տեղի ունեցան ապրիլին, եւ որի հետեւանքով առեւտրային բանկերը ստիպված են դոլարային ավանդների դիմաց պահուստավորումը մասամբ իրականացնել դրամով, իր դերն ունեցավ:
Հիմնականում առաջ են մղվել շուկայական գործոնները` դոլարն ու դրամը նույնպես ապրանք են, նույնպես ենթակա են առաջարկի ու պահանջարկի փոփոխությունների ազդեցությանը: Եթե խնդրին մոտենանք զուտ մակրոտնտեսական տեսանկյունից` դրամի արժեւորումը պետք է տեղի չունենար` մեր երկիրն ունի վճարային հաշվեկշռի պակասուրդ, որտեղ միայն արտաքին առեւտրի գծով 5 ամսվա ընթացքում այն կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Առեւտրային դեֆիցիտի չափը մոտավորապես համընկնում է մասնավոր տրանսֆերտներից ստացվող միջոցների չափին: Տարեկան կտրվածքով՝ տրանսֆերտները մոտ 2 մլրդ դոլար են, իսկ այս 5-6 ամիսների ընթացքում մոտ 1 մլրդ դոլար ստացված կլինի: Այսպիսով` տրանսֆերտները կարողանում են միայն հավասարակշռել արտաքին առեւտրի պակասուրդը, հետեւաբար` դրանք չեն կարող դրամի արժեւորման համար երկարատեւ գործոն հանդիսանալ, ինչպես շատ հաճախ մեզ մոտ ենթադրվում է:
Մթերումների սեզոնը տնտեսությունում ստեղծում է դրամի նկատմամբ հավելյալ պահանջարկ: Սակայն այս գործոնի դերը գերագնահատել նույնպես չի կարելի: Լավագույն դեպքում մեր մթերող կազմակերպությունները ողջ սեզոնի ընթացքում մոտ 100 մլն դոլարի չափով մթերում են իրականացնում, իսկ դա այն ծավալը չէ, որ փոխարժեքի վրա շատ մեծ ազդեցություն պետք է գործի: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ մթերող կազմակերպությունների դրամի նկատմամբ ողջ պահանջարկը բավարարվում է բանկերի դոլարային ռեսուրսների հաշվին, ուստի փոխարժեքի վրա ազդող տնտեսական գործոններից սա թերեւս ամենաազդեցիկն է: Կարճաժամկետ կտրվածքով բանկային համակարգը ներկայում իսկապես էլ դրամի պահանջարկ է զգում, որի վկայությունն է դրամային ավանդների տոկոսադրույքների շարունակական աճը: Թե որքա՞ն այն կշարունակվի` դժվար է ասել: Առավելագույնը` 2 ամիս, իսկ նվազագույն ժամկետ նշել հնարավոր չէ: Որպեսզի այդ ժամկետը կրճատվի, կառավարությունը պետք է սահմանափակի պարտատոմսերի թողարկումը` դրանց տոկոսադրույքները իջեցնելով բանկային ավանդների տոկոսադրույքներից ցած: Միայն այդ պայմաններում շուկայական գործոնները լիարժեք կաշխատեն, իսկ բանկերը կձերբազատվեն դրամի նկատմամբ «սովի» կեղծ զգացումից: Հիմա պետական պարտատոմսերի տոկոսադրույքների նվազում կա, սակայն դրանց մակարդակը դեռեւս անբնական բարձր է, ուստի ֆինանսական կառույցները հաճույքով են իրենց լիկվիդային միջոցները ուղղում պետական պարտատոմսերի ձեռքբերմանը: Գուցե տարօրինակ թվա, սակայն կառավարությունը մի կողմից խոսում է հայրենական արտադրողին եւ արտահանողին աջակցելու մասին, մյուս կողմից` նպաստում դրամի արժեւորմանը:
Փոխարժեքի տատանումները հասարակության համար այդքան ցավալի չէին լինի, եթե սպառողական գները փոփոխվեին դրան համարժեք: Ցավոք` այդ փոխկապվածությունը չկա: Հատկապես պարենային ապրանքների շուկայում այն գործնականում չի արտահայտվում, իսկ կառավարությունը չունի գերիշխող դիրքի չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Շուկայում առայժմ առավել ճկուն են կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի շուկայի խաղորդները` կիրառելով զեղչերի ճկուն համակարգ: Սակայն համակարգիչ կամ սառնարան գնում է 100 սպառողից մեկը, իսկ պարենային ապրանքներ` բոլոր հարյուրը: Ուստի սոցիալական հավասարակշռության տեսանկյունից առաջնահերթ է պարենային ապրանքների կամ դեղորայքի գների խնդիրը: Սա Հայաստանի տնտեսության համար քրոնիկ հիվանդություն է դարձել, որը բուժելու համար կառավարության կողմից վիրահատական միջամտություն է հարկավոր:
Սամվել Ավագյան


























