«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու առիթով մեկօրյա այցով Հայաստան է ժամանել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը: Նա մասնակցեց Երեւանի երկաթուղային կայարանի վերանորոգված շենքի բացման արարողությանը, որն ի դեպ ուղեկցվում էր հայկական մանկական պարային խմբի ելույթով` հայկական ժողովրդական պարերի կատարմամբ:
Բացի երկաթուղային կայարանից` վերանորոգվել է նաեւ լոկոմոտիվային դեպոն, ուր երկաթուղայինների համար ստեղծվել են աշխատանքի ու հանգստի բարվոք պայմաններ: Լրագրողների հետ ճեպազրույցում Յակունինը չթաքցրեց իր գոհունակությունը կատարված աշխատանքներից. «Գիտեք հայտնի արտահայտությունը` թատրոնը սկսում է հանդերձարանից: Մեր դեպքում կարելի է ասել, որ քաղաքը, Հայաստանի դեպքում` երկիրը սկսվում է կայարանից: Այդ պատճառով սա ազգի, ժողովրդի դեմքն է, ես ձեզ շնորհավորում եմ այս նորացված կայարանի առթիվ, եւ հուսով եմ, որ երկաթուղային տրանսպորտը լուրջ ավանդ կբերի ե՛ւ հասարակության, ե՛ւ տնտեսության զարգացման գործում»,- իր շնորհավորական ուղերձը այս կերպ արտահայտեց ռուսաստանցի պաշտոնյան:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 100 տոկոսով հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը: 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում Հայաստանի Հանրապետության եւ «Ռուսական երկաթուղիների» միջեւ կնքվեց Հավատարմագրային պայմանագիր, որով «Հայկական երկաթուղիներ» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնվեց «Ռուսական երկաթուղիներին»: Պայմանագրի համաձայն` հավատարմագրային կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի երկարաձգելու իրավունքով:


























