Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարից փրկված 17-ամյա Հովհաննես Չախոյանը դեպքի օրը Երեւանում ծրագրավորման դասընթացից վերադառնում էր եղել Գյումրի: Հովհաննես Չախոյանը NEWS.am-ին պատմեց, որ առաջին անգամ չէր, որ երթեւեկում էր վթարից պայթած «Գազելի» մահացած վարորդի հետ: 

«Գյումրիի 4-րդ ուսումնարանում եմ սովորում՝ համակարգչային օպերատոր, Երևանում ծրագրավորման մասնավոր դասերի եմ գնում շաբաթ ու կիրակի օրերին՝ դասերից հետո: Վարորդին լավ գիտեմ, իրա հետ շատ եմ գնացել-եկել Լենինական: Շատ լավ, հանգիստ քշող էր»,-ասաց Հովհաննեսը:

Սովորության համաձայն՝ Հովհաննեսը ճանապարհին ականջակալներով երաժշտություն լսելիս է եղել, կիսաքուն, չի նկատել, թե ինչպես է բախումը եղել։

«Ճանապարհին քնած էի, ուժեղ ձայն լսեցի, միանգամից արթնացա: Հիշում եմ, որ տեսա՝ շուշեք էին ջարդված ու մարշուտկի մեջ մենակ ես էի: Պատուհանի ապակին գլխով ջարդեցի եւ դրանից հետո էլ բան չեմ հիշում: Ինձ պատմեցին, որ ինչ-որ մարդիկ են ինձ հանել մարշուտկայի միջից, պատուհանից կիսակախված եմ եղել: Արթնացա, տեսա՝ կողքս երկու հոգի մարդ կային, վառվում են, ձեռքով էլի մի տղայի հետ հանգցրինք կրակը: Դրանից հետո ինձ բերեցին հիվանդանոց»,-պատմեց Հովհաննեսը:  

Գյումրիի հիվանդանոցում երիտասարդի մոտ գլխի կոտրվածք են կասկածել, ինչը հերքվել է Երեւանում անցկացված հետազոտության արդյունքում: Այժմ Հովհաննեսի վիճակը լավ է, ձեռքերի այրվածք ունի, ապաքինվելուն պես պատրաստվում է շարունակել ուսումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմանում,  Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել էր։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել էր  14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել էին, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։