Նիդեռլանդների եւ Հարավային Կորեայի հետազոտողների համատեղ խումբը շատ հետաքրքիր գիտափորձ է անցկացրել: Գիտնականները մագնիսի օգնությամբ մանրէներին ստիպել են պարել:
Հետազոտության անցկացման համար գիտնականները որոշել են օգտվել միկրոօրգանիզմների մի «ունակությունից». դա մագնիսատաքսիսն է, այսինքն՝ մագնիսական դաշտի փոփոխության հետեւանքով միաբջիջ օրգանիզմների շարժման ունակությունը: Մանրէները նման գործողություններ կարող են անել, քանի որ նրանց թաղանթային կառույցներում ֆերոմագնիսական բյուրեղներ կան, որոնք մանրէների համար կողմնացույցի դեր են կատարում: Այս ամենը նախատեսված է, որովհետեւ մանրէների կենսամիջավայրում քիչ թթվածին կա: Մագնիսատաքսիսը միաբջիջ օրգանիզմներին թույլ է տալիս շարժվել այն ուղղությամբ, որտեղ մեծ քանակությամբ թթվածին կա:
Ըստ Informing-ի, սկզբում հետազոտողները թափանցիկ միկրոսխեմա են ստեղծել, որը կառուցված է եղել այնպես, որ մանրէների համար դյուրին է եղել դրանով տեղաշարժվելը: Միկրոսխեման կազմված է եղել 5 միկրոն խորությամբ մի քանի անցքերից, որոնք լցված են եղել հեղուկով: Այդ անցքերում էլ տեղադրել են մանրէներին:
Այնուհետեւ ստեղծված կառուցվածքի տակ մագնիս տեղադրելով՝ գիտնականները կարողացել են միաբջիջ օրգանիզմներին ստիպել շարժվել մի ուղղությամբ եւ նույնիսկ որոշ պարային շարժումներ անել:
Գիտնականները նաեւ մագնիսական դաշտի եւ մանրէների այս կամ այն կողմ շարժվելու միջեւ կապ են նկատել: Նրանք կարծում են, որ այդ կերպ ապագայում հնարավոր կլինի տարբեր նյութեր մատակարարել հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար:











