Սիրիայում PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ իրականացված համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել է 400 հոգի, ովքեր կասկածվում են PKK-ին անդամակցելու մեջ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Հալեպ, Քամըշլը, Աֆրին, Հասեքե եւ Ռաքա քաղաքներում ձերբակալված անձինք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, բռնությամբ գումար հավաքելու, Սիրիայի հողերը բաժանելու եւ մեկ այլ պետություն ստեղծելու, Սիրիայում ապրող քրդերի էթնիկ եւ կրոնական մասնատման» փորձի մեջ։
Միեւնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները որոշում են կայացրել խիստ պատժամիջոցներ ձեռնարկել PKK-ին աջակցող քուրդ ընտանիքների նկատմամբ։ Սիրիական իշխանությունները հայտնել են, որ PKK-ին աջակցած ընտանիքներից ետ կվերցվի պետության կողմից հատկացված հողատարածքները։
Նշենք, որ նախորդ շաբաթ սիրիական անվտանգության ուժերի եւ քրդերի միջեւ բախման հետեւանքով 12 քուրդ զինյալ է սպանվել։
Ամիսներ առաջ Թուրքիա այցելած Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ հնարավոր չէ չընդունել ահաբեկչական կառույցի գործունեության փաստը, եւ Սիրիան այդ հարցում համագործակցելու է Թուրքիայի անվտանգության ուժերի հետ։



























