Շվեդական դիզայն-ստուդիան կենսաբանորեն քայքայվող նորարարական փաթեթ է մշակել սննդամթերքի համար, որը կարելի է ապագայի փաթեթավորում համարել:

Մասնագետները բասմատի բրնձի, ձիթապտղի ձեթի եւ մորու սմուզիի համար փաթեթավորման երեք տարբերակ են ներկայացրել, որոնց յուրահատկությունն օգտագործվող նյութերի մեջ է:

Բասմատի բրինձը տեղավորված է փափուկ մեղրամոմից պատրաստված բուրգի մեջ: Մակագրությունն արված է սոյայի հիմքով պատրաստված թանաքով: Նման փաթեթը բացելու գործողությունը նման է նարինջը կեղեւազրկելուն:

Ձիթապտղի ձեթը լցված է կարամելացված շաքարից պատրաստված եւ մեղրամոմով պատված փաթեթում: Այն բավական ինքնատիպ է բացվում. հարկավոր է փաթեթավորումը ձվի նման կոտրել: Փաթեթը կոտրելուց հետո մեղրամոմը դադարում է պաշտպանել շաքարը, եւ այն ջրի հետ շփումից հալչում է:

Մորու սմուզին լցված է ագար-ագարից եւ ջրից պատրաստված փաթեթում: Ըմպելիքը խմելու համար հարկավոր է ձողիկը մտցնել փաթեթի վերեւի հատվածի մեջ: Ըմպելիքի նվազելուն զուգահեռ փաթեթը չորանում է:

Ըստ Kedem-ի, փորձագետները նշում են, որ բնական ռեսուրսների սահմանափակության եւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի պայմաններում կենսաբանորեն քայքայվող նման փաթեթները կարող են իսկական փրկություն դառնալ: