Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած եւ «Գյումրի»ԲԿ տեղափոխված Կարեն Բաղդասարյանը եւ Զարուհի Հովհաննիսյանը չեն հիշում, թե ինչպես է միկրոավտոբուսը բախվել բեռնատարին, միայն ասում են՝ «գմփոց են լսել եւ կրակ տեսել»:

«Կոնկրետ չեմ հիշե, թե ինչ եղավ, բայց հարված էր, գմփոց ու մենք դուրսն էինք, ու կրակ էր: Տեսանք՝ մեքենան միանգամից այրվեց: Մենք կտեսնեինք, որ գազելը վառվում է, ու էլ բան չեմ հիշե: Մարդիկ վառվում էին, կրակ էր չորս կողմը: Կողքից անցնող մեքենաները կկանգնեին, որ մարդկանց օգնեն: Ես չեմ էլ տեսել, թե ինչի ենք խփել, տղերքը կըսեն, որ ավտոյի ենք կպել, ես հետեւն էի  նստած, հետեւի կողմից, կրակի միջից մի կերպ դուրս եմ եկել, մնացել էի կրակի մեջ: Բոլորը գոռում էին, օգնություն կանչում, անցորդները ով կարողանում էր օգնում էր»,- Գյումրիում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է 39-ամյա Կարեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, իրենց արագ օգնության են հասել մոտակայքում գտնվող բենզալցակայանի աշխատողները:

36-ամյա Հովհաննիսյան Զարուհին էլ NEWS.am-ին պատմել է, որ միկրոավտոբուսը դանդաղ է ընթացել, վարորդը լավ է վարել մեքենան:

«Հիշում եմ, որ մենք շատ դանդաղ գալիս էինք Գյումրի: Երբ որ արդեն Մարալիկն էինք իջնում, չեմ հիշում, թե ինչ եղավ, բայց գմփոց եղավ: Հիշում եմ, որ տղաս ասում էր՝ մամ, հեռախոսիս զանգ է գալիս, ասում էի՝ վերցրու, Էդմոնը չէր կարող տեղաշարժվել, որ վերցներ, որովհետեւ ձեռքերը կոտրված էին: Ու կհիշեմ, որ մի ջահել տղա ինձ քաշում էր, իմ ոտքը կոտրված էր, չէի կարող շարժվել: Ու էլ բան չեմ հիշում, ես արդեն հիվանդանոցում էի, պառկած էի, շորերս էին կտրտում»,- պատմեց տիկին Զարուհին, ում 13-ամյա որդին այժմ տեղափոխվում է Երեւան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 10-ի երեկոյան ժամը 19։15-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ. Վարդանյանը, ձերբակալված է: