Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են պետության եւ եկեղեցու միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային-եկեղեցական կյանքի կարեւորագույն խնդիրներին եւ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաեւ ս.թ. նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում:
Հանրապետության նախագահը ողջունել է Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի եւ Հայոց պետության: Նախագահը Եպիսկոպոսաց ժողովների գումարումը կարեւոր իրադարձություն է համարել հայոց հոգեւոր կյանքում եւ հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել Մայր Աթոռում այսօր մեկնարկած ժողովին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, որոնց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ակտիվորեն մասնակցում է իր բոլոր Նվիրապետական Աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համազգային կարեւորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքին, Սիրիայում չդադարող կործանարար պատերազմի հետեւանքով այդ երկրի բնակչության հետ միասին ծանրագույն փորձությունների եւ զրկանքների ենթարկվող սիրիահայ համայնքին աջակցության խնդիրներին:
Հանրապետության նախագահը, Վեհափառ Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կարեւորել եւ ժամանակի հրամայական են համարել Հայոց պետությանը, Եկեղեցուն ու հայ ժողովրդին միասնաբար ծառայելը եւ ի նպաստ համազգային խնդիրների լուծման՝ համատեղ գործելը:




























