Մեկօրյա այցով Հայաստանում գտնվող «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը այսօր Երեւանի վերանորոգված լոկոմոտիվային դեպոյում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ռուսական կողմը ամբողջությամբ կատարում է այն պարտավորությունները, որ ստանձնել է հայկական երկաթուղիների հավատարմագրային կառավարման ընթացքում: «Կային մտավախություններ, որ ճգնաժամը կարող է ազդել «Ռուսական երկաթուղիների» կողմից իր պարտավորությունների կատարման վրա: Բայց նման բան տեղի չի ունենում, մենք լրիվ ծավալով կատարում ենք մեր պարտավորությունները եւ մտադիր ենք դա անել նաեւ ապագայում»,- ասաց Յակունինը:
Սակայն նա բացասական պատասխան տվեց այն հարցմանը, որ Հայաստանում կկառուցվեն երկաթուղու նոր ուղղություններ: Մասնավորապես՝ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ կվերագործարկվի Վանաձոր – Ֆիոլետովո հատվածը: Սակայն Յակունինը նոր երկաթուղային գծերի շինարարությունը պայմանավորեց տնտեսական նպատակահարմարությամբ: Նրա խոսքով` Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի երկարությունը 51 կմ է, անհրաժեշտ ներդրումները` 6 մլրդ ռուբլի (մոտ 200 մլն դոլար): «Չեմ կարծում, որ դա արդյունավետ է երկաթուղային փոխադրումների տեսանկյունից»,- նշեց Յակունինը: Որպես ներդրումների առաջնահերթ ուղղություններ նա նշեց երթուղային համալիրի արդիականացումը, ուսումնական կենտրոնի շինարարությունը, Թուրքիայի հետ սահմանային կետի նախապատրաստումը փոխադրումներին: Մասնավորապես, ըստ Յակունինի, այժմ Հայաստանում երթեւեկող գնացքները վերանորոգվել են Վորոնեժի գործարանում, ինչը ապահովում է բարձր որակ:
Ռուսական ներդրումների ավելացմանը խոչընդոտող հիմնական խնդիրը Յակունինը տեսնում է ընկերության բյուջեի անհավասարակշռության մեջ: «Առայժմ ներդնում ենք գումարներ, սակայն լրացուցիչ աղբյուրներ ներդրումային ռեսուրսները ծածկելու համար չկան, այդ ուղղությամբ մենք դեռ պետք է աշխատենք: Դա ե՛ւ տարիֆային քաղաքականությունն է, ե՛ւ բեռների ներգրավումը: Մենք, ավելի քան որեւէ մեկը, Հայաստանում ցանկանում ենք տնտեսության զարգացում, քանի որ մենք փոխադրող ենք, մեզ հարկավոր է, որ հայկական ձեռնարկությունները աշխատեն»,- հայտարարեց «Ռուսական երկաթուղիների» նախագահը:


























