Տիեզերական Rosetta սարքի զոնդը նոյեմբերի 12-ին վայրէջք կկատարի Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղի վրա, փոխանցում է RiaSV-ն՝ վկայակոչելով տիեզերական հետազոտությունների միջազգային կոմիտեի նախագահ Ջովանի Բինյամիին:

Ըստ նրա՝ տիեզերական Rosetta սարքը բացառիկ նախագիծ է, որը գիտնականներին կօգնի պատասխանել տիեզերքի մասին որոշ հարցերի: «Պատմության մեջ առաջին անգամ զոնդ ենք ուղարկում գիսաստղի ուղեծիր, որի չափը Մոսկվայի մակերեսին է համապատասխան: Այդ զոնդը պտտվելու է դրա շուրջ մի քանի կմ հեռվից եւ լուսանկարներ կատարելու: Իսկ դուստր զոնդը վայրէջք կկատարի գիսաստղի մակերեւույթին», - պատմել է գիտնականը:

Գիսաստղի մակերեւույթից Philae զոնդը կարող է փորձանմուշ վերցնել, վերլուծել այն,  «իսկ հետո գիտնականներին պատմել՝ ինչպիսին է դրա համը»: «Մի՞թե դուք չէիք ուզենա իմանալ՝ ինչ համի է երկնաքարը», - կատակում է Ջիովանի Բինյամին:

«Ստացված տվյալները մենք կարող ենք օգտագործել, որպեսզի լավ հասկանանք՝ ինչպես ենք մենք կառուցված, ինչպես է առաջացել Արեգակնային համակարգը: Հիշեցնեմ, որ մեր օվկիանոսներում ջրի մեծ մասը առաջացել է գիսաստղային անձրեւի հետեւանքով, որը տեղացել է չորս մլրդ տարի առաջ: Այդ պատճառով էլ, հասկանալով գիսաստղերի կառուցվածքը, մենք կկարողանանք ավելին իմանալ», - ամփոփել է գիտնականը: