«ԱՄՆ լոբիստական կազմակերպություններին կոչ եմ անում բարձրացնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված 907 բանաձեւը ուժի մեջ դնելու վերաբերյալ հարցը»՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։
ՀԱԿ ներկայացուցիչը ընդհանուր գծերով ներկայացրեց այդ բանաձեւի հիմնական էությունը։ Ըստ այդմ՝ արգելվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տնտեսական աջակցության ցուցաբերումը, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահը չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանը դադարեցրել է իր գործողություններն ու շրջափակումները Հայաստանի եւ ԼՂ-ի դեմ, երկրորդ, որ Ադրբեջանում պահպանվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, եւ երրորդ, քանի դեռ Ադրբեջանը կառուցողական դիրք չի գրավում ԼՂ-ի բանակցային գործընթացում ու չի հրաժարվում ուժային լուծումներից։ «Այդ բանաձեւը սառեցվել է, իսկ այժմ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի այն վերացնի»,-հավաստիացրեց Շահնազարյանը՝ հավելելով, թե ՀՀ իշխանությունները եւս պետք է իրենց լծակներն օգտագործեն, որպեսզի լոբբիստական կառույցները կարողանան կրկին կյանքի կոչել այդ բանաձեւը։


























