Armenian Power հանցախմբի առաջնորդ 39-ամյա Մհեր Դարբինյանը ԱՄՆ-ում դատապարտվել է 32 տարվա ազատազրկման, հայտնում է SCV News-ը:

Ըստ աղբյուրի՝ Դարբինյանը մեղավոր է ճանաչվել  միանգամից 57 կետով՝ խաբեբայական հանցավոր պայմանավորվածության, դրամաշորթության, բանկային մեքենայության եւ բանկային քարտերի տվյալները գողանալու հատուկ սխեմաներ օգտագործելու մեջ: 

Աղբյուրը նշում է, որ Դարբինյանը հայտնի է որպես Հոլիվուդի Մայք եւ Կապոնե, հայկական հանցախմբի առաջնորդներից մեկն է: 

Դարբինյանը մեղավոր է ճանաչվել նաեւ բարդ ֆինանսական խարդախության կազմակերպման մեջ, որի շրջանակում հանցախումբը 99 Cents Only Store խանութներում տեղադրվածներին համարժեք էժան տերմինալներ է ձեռք բերել:  Այնուհետեւ այդ տերմինալները փոխարինվել են: Այդպիսով հանցախմբին հասանելի են եղել բազմաթիվ քարտերի փին կոդեր:

Աղբյուրը հայտնում է, որ ներկայումս հանցախմբի 90 մեղադրյալից 87 անդամներ դատապարտվել են: Երկուսը փախուստի մեջ են: Եվս մեկի վրայից դատախազությունը հանել է մեղադրանքները:

Armenian Power-ը ձեւավորվել է Արեւելյան Հոլիվուդում՝ 1980-ականներին, հայ միգրանտներին փողոցային լատինամերիկյան հանցախմբերից պաշտպանելու համար: Երիտասարդ հայերը սկսել են սափրել գլուխները, դաջվածքներ անել եւ անթեւ բաճկոնակներ եւ դարչնագույն շալվարներ հագնել:  Հանցախմբերի միջեւ պատերազմների ընթացքում սպանվել են տասյնակ մարդ՝ երկու կողմից էլ:

Սկզբում քիչ հայտնի խմբավորումը ժամանակի ընթացքում վերածվել է «միջազգային սինդիկատի, որն ունակ էր բազմամիլիոնանոց խարդախություններ կատարել վարկային քարտերի հետ եւ անձնական տվյալների առեւանգում կազմակերպել»: