Ղարաբաղյան հակամարտությունն ուժային լուծում չի կարող ունենալ: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մեզ դուր չի գալիս ղարաբաղյան հիմնախնդրի այժմյան իրադրությունը: Մենք ուզում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն, արդարություն, բարեկամություն, կայունություն տիրի: Եվ մենք պատրաստ ենք մեր կողմից ցանկացած քայլ ձեռնարկել՝ խաղաղության, բարեկամության, անվտանգության եւ կայունության հաստատման համար: Մենք դա մեր պարտքն ենք համարում ցանկացած տեսքով եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում»,- ասել է Ռոուհանին:
Իրանի նախագահը նաեւ ընդգծել է, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: «Մենք գիտենք, ղարաբաղյան հիմնահարցը միայն քաղաքական լուծում ունի, այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Այդ պատճառով մեր պարտքն ենք համարում այդ ուղղությամբ ցանկացած օգնություն ցուցաբերել, մենք պատրաստ ենք դրան»,- հավելել է Ռոուհանին:





























