Ինտերնետ-խանութ Amazon-ը Մեծ Բրիտանիայի տարածքում ծանրոցների առաքման համար պատրաստվում է անօդաչուների փորձարկումներ իրականացնել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին զբաղվում են համապատասխան որակավորում ունեցող ինժեներների եւ փորձագետների որոնումներով, ովքեր կարող են օգնել թռչող սարքերի թեստավորման հարցում: Չի բացառվում, որ փորձարկումներին կներգրավվեն ռազմական մասնագետները: Թռիչքները կիրականացվեն Քեմբրիջի տարածքում: Փորձարկումների իրականացման հստակ ամսաթիվը դեռ չի հաղորդվում:
Prime Air անվանումը ստացած նախագիծը ապագայում գնորդներին հնարավորություն կտա պատվերը հաստատելուց հետո 30 րոպե անց ստանալ իրենց ծանրոցները: Amazon-ի անօդաչուները օդում կթռչեն 122 մետերից ոչ բարձր, իսկ դրանց ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 25կգ-ը, ընդ որում, հենց ծանրոցի առավելագույն չափը կսահմանափակվի 2,3 կգ-ով:





























