Ամենավառ եւ հզոր հոսքերից մեկը համարվող Լեոնիդների ասուպային հոսքը կարելի է տեսնել նոյեմբերի 17-ին՝ արեւածագից առաջ, հայտնում է  StarDate ինտերնետ-ամսագիրը:Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ եւ երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի եւ կշռել մինչեւ 85 գրամ: Թեեւ սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, եւ այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչեւ 3000) ասուպ: Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, եւ այդ օրը համարվում է ընդհանրապես ասուպային աստղագիտության ծնունդը: Հետաքրքրական է, որ հետադարձ հաշվարկով աստղագետները գտել են, որ դարեր առաջ (սկսած 6-րդ դարից) նույնպես գրանցվել է Լեոնիդների ասուպային հոսքը, սակայն այն ժամանակ լիարժեք չի հասկացվել եւ չի բացատրվել: