«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլն ավարտվել է: Մեկ ամսից կսկսվի հիմնական փուլը, որի ընթացում համակարգիչ կարելի է ձեռքբերել հանրապետության ամբողջ տարածքում: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` ավելացնելով, որ ծրագրի հիմնական փուլը կսկսվի մոտ 40 խանութներից, այնուհետեւ դրանց թիվը կհասցվի 100-ի` ներառելով Հայաստանի ողջ տարածքը:
«Պիլոտայինից հիմնական ծրագրին անցնելիս մասշտաբային լուրջ փոփոխություններ են սպասվում: Կընդլայնվեն ոչ միայն համակարգիչներ ձեռք բերելու վայրերը, այլեւ մասնակից ընկերությունների եւ բանկերի թիվը»,- ասաց Ենգիբարյանը` ավելացնելով, որ այժմ խանութների ուսումնասիրություն է կատարվում, ինչպես նաեւ ծրագիրը հաստատման է ներկայացված բանկերին եւ մատակարարներին:
Ենգիբարյանի խոսքով` ամերիկյան Hewlett-Packard- ից բացի, հիմնական փուլին մասնակցելու հետաքրքրություն են հայտնել եւս 2 ընկերություն` հանրահայտ Dell-ը եւ թայվանական Acer-ը: Նախատեսվում է, որ կավելանա նաեւ համակարգիչների տեսականին:
Հնարավոր է նաեւ, որ ընդլայնվի սպասարկող բանկերի թիվը: Բ. Ենգիբարյանը տեղեկացրեց, որ այժմ 5 բանկերի հետ բանակցություններ են տարվում: Ընդ որում` համակարգչի ձեռքբերման պայմանները չեն փոխվի` ծրագրի շրջանակներում համակարգիչ կարելի է ձեռքբերել առանց տոկոսի, առանց կանխավճարի եւ 24 ամիս մարման ժամանակահատվածով, որը կհասցնի 36 ամսի:
Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրենի` «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը հաստատվել է Համաշխարհային բանկի եւ Ազգային Ժողովի կողմից:
Տեղեկացնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլը սկսվել է 2009թ. սեպտեմբերին: Պիլոտային փուլի ժամանակ մասնակցում էին միայն Hewlett-Packard ընկերությունը եւ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, իսկ համակարգիչ կարելի էր ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Պիլոտային փուլի ժամանակ վաճառվել է մոտ 4000 համակարգիչ:
Լուսինե Մովսիսյան




























